Սև ուրբաթ․ ինչպես օգտվել առավելագույնը և իսկապես խնայել

Սև ուրբաթ

Եթե ցանկանում ես Սև ուրբաթից առավելագույնը քաղել, ցանկալի է գնումները պլանավորել ամիսներ առաջ։ Իհարկե, շատերը կասեն, որ այս ակցիաները պարզապես գովազդային հնարք են, և պետք չէ հավատալ մեծ զեղչերին։ Իրականում շուկայում կան նաև կեղծ զեղչեր, երբ ապրանքի գինը նախ բարձրացվում է, ապա իջեցվում՝ մեծ զեղչի տպավորություն ստեղծելու համար։

Բայց մյուս կողմից՝ կան բազմաթիվ խանութներ և մեծ առևտրային ցանցեր, որոնք լուրջ են մոտենում այս միջոցառմանը և առաջարկում իրական ու շահավետ զեղչեր։ Ինչպես վաճառողներն են ամիսներ առաջ պատրաստվում այդ օրվան, այնպես էլ գնորդները կարող են նախապես պատրաստվել և իսկապես զգալի գումար խնայել։

Ես ինչպե՞ս եմ պատրաստվում Սև ուրբաթին

Ես Սև ուրբաթի գնումներին մոտենում եմ բավականին պարզ ձևով։ Անկախ նրանից՝ խոսքը հագուստի, տեխնիկայի, թե տարբեր սարքավորումների մասին է, նախապես ուսումնասիրում եմ առաջարկները, ընտրում կոնկրետ մոդելը և որոշում՝ ինչ եմ գնելու։ Իսկ երբ գալիս է Սև ուրբաթը, պարզապես կատարում եմ արդեն պլանավորած գնումը։

Հավատացեք՝ այս մոտեցմամբ կարողացել եմ խնայել նույնիսկ մի քանի ամսվա աշխատավարձի չափով գումար։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ անընդհատ զեղչեր եմ փնտրում, այլ որովհետև գնումներս նախապես եմ մտածում։

Օրինակ՝ եթե սառնարան գնելու կարիք ունեմ, ամիսներ առաջ ուսումնասիրում եմ տարբեր մոդելները, համեմատում դրանց հնարավորություններն ու գները և ընտրում ինձ հարմար տարբերակը։ Եթե հագուստ եմ ուզում գնել, նախապես այցելում եմ խանութ, փորձում, ընտրում ինձ դուր եկած տարբերակը և սպասում զեղչերի օրվան։

Այսպիսով, Սև ուրբաթին այլևս ստիպված չեմ լինում ժամերով խանութներում շրջել ու մտածել՝ ինչ գնել։ Ես արդեն գիտեմ՝ ինչ եմ ուզում և ինչ գին եմ պատրաստ վճարել։

Իսկ ինչո՞ւ նախապես ընտրել, եթե կարելի է զեղչերի օրը գնումներ անել

Հիմա գուցե մտածես՝ այդքան ժամանակ կա՞, որ ամեն ապրանք ամիսներ առաջ ուսումնասիրեմ և ընտրեմ։

Իրականում դրա համար լրացուցիչ ժամանակ գրեթե չեմ հատկացնում։ Ինչպես սովորական գնումներ կատարելիս մի քանի անգամ այցելում եմ խանութներ, ուսումնասիրում ապրանքները և ընտրություն կատարում, այնպես էլ այս դեպքում։ Միակ տարբերությունն այն է, որ որոշ գնումներ պարզապես հետաձգում եմ մինչև զեղչերի օրը։

Այս մոտեցումը հատկապես օգտակար է թանկարժեք ապրանքների դեպքում, երբ նույնիսկ 10-20% իրական զեղչը կարող է զգալի գումար խնայել։

Ի՞նչ է լինում, երբ գնումները թողնում ենք վերջին պահին

Իմ գործընկերը ամեն տարի հակաճառում է ինձ։ Նա ասում է՝ ինչո՞ւ նախապես ընտրել, եթե Սև ուրբաթին զեղչերը կլինեն, կգնամ խանութ և տեղում կգնեմ այն, ինչ ինձ դուր կգա։

Արդյունքում զեղչերի օրը նա հերթով այցելում է տարբեր խանութներ, տեսնում մեծ զեղչեր և գնում այն ապրանքները, որոնք առաջին հայացքից շատ շահավետ են թվում։ Բայց այդ գնումների մի զգալի մասը իրականում իրեն անհրաժեշտ չէ, և որոշ իրեր հետագայում ընդհանրապես չի օգտագործում։

Ամենահետաքրքիրն այն է, որ հաջորդ օրերին անընդհատ լսում եմ նրա մեկնաբանությունները․ «Այս մեկն իզուր գնեցի», «Այն մյուսը պետք չէր», «Դրանից ավելի լավ տարբերակ էլ կար»։

Այսինքն՝ նա կարծես շատ բան է խնայել զեղչերի շնորհիվ, բայց իրականում գումար է ծախսել նաև այնպիսի ապրանքների վրա, որոնք առանց զեղչի երբեք չէր գնի։

Սև ուրբաթը միայն տեղական գնումների համար չէ

Կարևոր է հիշել, որ Սև ուրբաթը միայն Հայաստանի խանութներից գնումներ կատարելու հնարավորություն չէ։ Այն կարող է լավ առիթ լինել նաև արտասահմանյան գնումները պլանավորելու, իսկ որոշ դեպքերում՝ հաճելին օգտակարի հետ համատեղելու համար։

Օրինակ՝ եթե վաղուց մտածում ես որևէ երկիր այցելելու մասին, կարող ես ճամփորդությունը համատեղել գնումների հետ։ Նախապես ուսումնասիրիր տվյալ երկրի խանութների առաջարկները, ընտրիր քեզ անհրաժեշտ ապրանքները և ճշտիր՝ արդյոք զեղչերի օրերին հնարավոր կլինի դրանք ձեռք բերել ավելի շահավետ գնով։ Որոշ ուղղություններով նման մոտեցումը կարող է բավականին հարմար լինել, հատկապես եթե ճամփորդության հիմնական նպատակը միայն գնումները չեն։

Մյուս տարբերակը արտասահմանյան մարկետփլեյսներից գնումներ կատարելն է։ Շատ միջազգային առցանց հարթակներ Սև ուրբաթի ընթացքում ունենում են հատուկ առաջարկներ։ Կարող ես նախապես ընտրել ապրանքները, համեմատել գները և պատվերը կատարել զեղչերի ժամանակ։

Սակայն այստեղ նույնպես կարևոր է չշտապել։ Մինչև պատվիրելը հաշվի առ ոչ միայն ապրանքի գինը, այլև առաքման արժեքը, հնարավոր մաքսային վճարները, վերադարձի պայմանները և առաքման ժամկետները։ Երբեմն արտասահմանյան կայքում շատ շահավետ թվացող առաջարկը վերջնական հաշվարկից հետո այնքան էլ ձեռնտու չի լինում։

Այսպիսով, Սև ուրբաթը կարող է դառնալ ոչ միայն խանութներից գնումներ կատարելու, այլև ճամփորդությունն ու նախապես պլանավորված գնումները համատեղելու լավ հնարավորություն։

Ինչպե՞ս խուսափել անհարկի գնումներից

Որպեսզի Սև ուրբաթը իսկապես շահավետ լինի, խորհուրդ կտամ հետևել մի քանի պարզ սկզբունքի։

  • Կազմիր գնումների ցանկ։ Նախապես գրիր, թե ինչ ապրանքներ են քեզ իրականում անհրաժեշտ։
  • Ընտրիր կոնկրետ մոդելներ։ Մի՛ սպասիր զեղչերի օրվան՝ միայն այդ ժամանակ ապրանքներն ուսումնասիրելու համար։
  • Համեմատիր գները։ Ստուգիր ապրանքի նախկին գինը և առաջարկները տարբեր խանութներում։
  • Սահմանիր բյուջե։ Որոշիր, թե որքան գումար ես պատրաստ ծախսել։
  • Մի՛ գնիր միայն զեղչի պատճառով։ Եթե ապրանքը քեզ պետք չէ, նույնիսկ 70% զեղչը այն շահավետ գնում չի դարձնում։

Եզրակացություն

Իմ կարծիքով՝ Սև ուրբաթից առավելագույնս օգտվելու գաղտնիքը ոչ թե զեղչերի օրը շատ խանութներ այցելելն է, այլ ամիսներ առաջ ճիշտ ընտրություն կատարելը։

Եթե նախապես գիտես՝ ինչ ես ուզում գնել, ուսումնասիրել ես ապրանքի գինը և սպասում ես իրական զեղչի, ապա կարող ես ոչ միայն խուսափել անհարկի ծախսերից, այլև զգալի գումար խնայել։

Հիշիր՝ լավ գնումը այն չէ, որի վրա ամենամեծ զեղչն է գրված, այլ այն, որի կարիքն իսկապես ունես և որը կարողանում ես ձեռք բերել ավելի շահավետ գնով։

Խելամիտ գնումները սկսվում են ճիշտ ընտրությունից։ Եթե սիրում ես համեմատել գները, գտնել շահավետ առաջարկներ և հասկանալ, թե որտեղ է գնումն իսկապես արդարացված, առաջարկում ենք կարդալ նաև մեր մյուս հոդվածները․

Բացահայտի՛ր գնումների ավելի խելացի եղանակներ և խնայի՛ր՝ առանց հաճելի գնումներից հրաժարվելու։

Прокрутить вверх